Անասնաբուժական համակարգի բարեփոխման և թվայնացման հարցերը՝ եռօրյա աշխատաժողովի առանցքում

Jul 28, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանի նախաձեռնությամբ և CARD հիմնադրամի աջակցությամբ սույն թվականի հունիսի 19–21-ը Ծաղկաձորում անցկացվեց եռօրյա աշխատաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անասնաբուժական համակարգի բարեփոխման և թվայնացման գործընթացին։

Աշխատաժողովը կազմակերպվել էր Ավստրիական զարգացման գործակալության (ADA) կողմից ֆինանսավորվող և CARD հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի կատարելագործում՝ հանուն կայուն գյուղատնտեսության» ծրագրի շրջանակներում։

Աշխատաժողովի հիմնական նպատակն էր մշակել անասնաբուժական համակարգի բարելավմանն ուղղված համապարփակ ծրագիր, որը հիմք կհանդիսանա ոլորտի երկարաժամկետ բարեփոխումների իրականացման համար և հետագայում կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը։

Միջոցառումը համախմբել էր պետական կառավարման մարմինների, գիտակրթական հաստատությունների, մասնագիտական ասոցիացիաների, միջազգային գործընկերների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ համատեղ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, վերհանելու առկա մարտահրավերներն ու մշակելու դրանց հաղթահարման գործնական լուծումները։

Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ տիկին Տաթևիկ Սարգսյանը, Ավստրիական զարգացման գործակալության (ADA) ծրագրերի ղեկավար պարոն Վահե Սարգսյանը, ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի կենդանիների համարակալման և հաշվառման և Անասնաբուժության բաժնի պետ պարոն Հովհաննես Մկրտչյանը, ՀՀ ԷՆ «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն պարոն Տիգրան Մարկոսյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան տիկին Արևիկ Աբովյանը, ՀՀ կրթության, գիտության, Մշակույթի և սպորտի նախարարության Կրթության և ուսուցման վարչության ՄԿՈՒ քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Կիրակոսյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անասնաբուժության վարչության գլխավոր տեսուչ պարոն Հովիկ Բատիկյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարման համակարգի պատատասխանատու պարոն Վահան Հովհաննիսյանը, ՀՀ Գենետիկ Հայաստան Ասոցացիայի նախագահ Դավիթ Նավասարդյանը, ՀՀ Անասնաբույժների Ազգային Ասոցացիայի նախագահ Արման Օհանյանը, CARD հիմնադրամի տնօրեն տիկին Սոնա Թելունցը, Ռազմավարական զարգացման գործակալության ինչպես նաև CARD հիմնադրամի ոլորտային մասնագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Եռօրյա քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձան անասնաբուժական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը, լաբորատոր և վերահսկողական համակարգերի հզորացմանը, անասնաբուժության ոլորտի թվայնացմանը, տվյալների կառավարման համակարգերի կատարելագործմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը, պետական և մասնավոր հատվածների համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև շարունակական մասնագիտական կրթության և անասնաբույժների ատեստավորման համակարգի ներդրմանը։

Քննարկումների ընթացքում առանձնահատուկ շեշտադրվեց, որ ժամանակակից և արդյունավետ անասնաբուժական համակարգը կարևոր նախապայման է կենդանիների առողջության պահպանման, կենդանիների հիվանդությունների կանխարգելման և վերահսկման, սննդամթերքի անվտանգության ապահովման, ինչպես նաև կենդանիների համարակալման և հաշվառման (ԿՀՀ) համակարգի արդյունավետ և կայուն գործարկման համար։

Առանձին ուշադրություն դարձվեց անասնաբուժական կրթության զարգացմանը։ Մասնակիցները կարևորեցին կրթական ծրագրերի արդիականացումը, ապագա անասնաբույժների գործնական պատրաստվածության բարձրացումը, շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի ներդրումը և միասնական մասնագիտական չափանիշների ձևավորումը։ Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց կարճ ժամկետում մշակել անասնաբույժների ատեստավորման կարգի նախագիծը։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին նաև լաբորատոր կարողությունների զարգացման, ժամանակակից ախտորոշիչ մեթոդների ներդրման, տվյալների թվայնացված կառավարման, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի կիրառման հնարավորությունները։

Եռօրյա համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորվեցին անասնաբուժական համակարգի բարեփոխումների հիմնական առաջնահերթությունները և մշակվեց գործողությունների նախնական ճանապարհային քարտեզը, որը հիմք կծառայի ոլորտի համապարփակ բարեփոխումների ծրագրի մշակման և իրականացման համար։