Սույն թվականի հունիսի 26-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը՝ CARD հիմնադրամի հետ համատեղ, իրականացրել են գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման իրազեկվածության բարձրացմանն և առկա խնդիրների վերհանմանն ուղղված այց Սյունիքի մարզ՝ «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի կատարելագործում հանուն կայուն գյուղատնտեսության» ծրագրի շրջանակներում։
Այցի շրջանակներում իրականացված աշխատանքները հնարավորություն են տվել ամրապնդել համագործակցությունը ոլորտի պատասխանատուների, համայնքային ներկայացուցիչների և շահառուների միջև՝ ապահովելով փորձի փոխանակում և առկա խնդիրների համատեղ քննարկում։
Մարզ կատարած այցի ընթացքում անցկացվել է հանդիպում Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչների, խոշորացված համայնքների ղեկավարների, բնակավայրերի վարչական պատասխանատուների, անասնապահությամբ զբաղվող ֆերմերների, անասնաբույժների և սպանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսավարողների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկայացնելու ԿՀՀ համակարգի կիրառման ընթացքում առաջացած իրենց հարցերը, խնդիրներն ու առաջարկությունները, քննարկելու առկա դժվարությունները և ստանալու անհրաժեշտ պարզաբանումներ։ Քննարկվել են համակարգի գործնական կիրառման առանձնահատկությունները, ներկայացվել են կատարված փոփոխություններն ու նոր հնարավորությունները, ինչպես նաև հետագայում նախատեսվող զարգացումները։ Հանդիպումը հնարավորություն է տվել նաև շահառուներին կիսվելու իրենց փորձով, ներկայացնելու դիտարկումներ և առաջարկություններ, որոնք կարևոր նշանակություն ունեն համակարգի հետագա բարելավման և ավելի արդյունավետ կիրառման համար։
Միջոցառման ավարտին մասնակիցներին բաժանվել են տեղեկատվական պաստառներ և թերթիկներ։ Տեղեկատվական նյութերի տրամադրումը նպատակ ունի բարձրացնել շահառուների իրազեկվածությունը, նպաստել համակարգի արդյունավետ կիրառմանը և ապահովել տեղեկատվության հասանելիությունը նաև հանդիպումից հետո։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին ֆինանսական և տեխնիկական աջակցություն է տրամադրում Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA)` CARD հիմնադրամի միջոցով։










