Կայացավ գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի աշխատանքային խմբի հերթական նիստը

Aug 3, 2026

2026 թվականի օգոստոսի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրին աջակցելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը։ Նիստը նախագահեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար տիկին Տաթևիկ Սարգսյանը։ Նիստին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, «Անի Պաս» համակարգի և CARD հիմնադրամի ներկայացուցիչները։

Նիստի օրակարգում ընդգրկված էին մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես՝ ծրագրի շահառուների համար թվային էլեկտրոնային աշխատանքային պատուհանների մշակման, մասնագետների վերապատրաստման և թվային գործիքների փորձնական ներդրման համար համապատասխան տարածաշրջանի ընտրության վերաբերյալ հարցերը։ Քննարկվել են նաև անասնաբույժ մասնագետների ատեստավորման գործընթացին վերաբերող, ինչպես նաև համապատասխան կարգում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու հարցերը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անասնաբույժ-համաճարակաբանների, անասնաբույժների և ֆերմերների համար նախատեսված էլեկտրոնային աշխատանքային պատուհանների (dashboard-երի) մշակմանը։ Նախատեսվում է ստեղծել պարզ և կիրառելի թվային գործիքներ, որոնք հնարավորություն կտան անհրաժեշտ գործողություններն իրականացնել անմիջապես հեռախոսի միջոցով՝ նվազեցնելով ձեռքով տվյալների մուտքագրման և թղթային փաստաթղթաշրջանառության անհրաժեշտությունը։ Միաժամանակ կարևորվել է, որ համակարգը ոչ միայն դյուրինացնի առօրյա աշխատանքը, այլև ապահովի տվյալների ամբողջականություն, ճշգրտություն և հետագծելիություն։

Թվայնացման առաջնահերթ ուղղություններից մեկը պատվաստումների գործընթացն է։ Քննարկվել է պատվաստումների վերաբերյալ տվյալները յուրաքանչյուր կենդանու ականջապիտակի համարին կապելու հնարավորությունը, ինչը թույլ կտա կենդանու մակարդակով հետևել իրականացված անասնաբուժական և ախտորոշիչ պետական միջոցառումներին, բարելավել ԿՀՀ տվյալների կառավարումն ու վերահսկողությունը և ապահովել կենդանու և պատվաստումների ամբողջական հետագծելիությունը։

Քննարկվել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԷՆ ԳԾԿ ՊՈԱԿ-ի համար առանձին էլեկտրոնային աշխատանքային պատուհանների մշակման անհրաժեշտությունը։ Դրանք նախատեսվում է կիրառել ԿՀՀ-ի և անասնաբուժական միջոցառումների վերաբերյալ տվյալների հավաքագրման, մոնիթորինգի, վերլուծության և հաշվետվողականության գործընթացների ավտոմատացման համար։

Միաժամանակ նախատեսվում է dashboard-երի միջոցով ավտոմատացնել հաշվետվությունների և վերլուծական ցուցանիշների ձևավորումը, ինչպես նաև սահմանել օգտվողների հասանելիության և գործողությունների իրավասությունները՝ ըստ նրանց գործառույթների։

Թվային լուծումների արդյունավետ ներդրման կարևոր նախապայման է դիտարկվել նաև շահառուների համապատասխան պատրաստվածությունը։ Այդ նպատակով նախատեսվում է կազմակերպել վերապատրաստումներ անասնաբույժ-համաճարակաբանների, անասնաբույժների և ֆերմերների համար՝ ներկայացնելով նոր գործիքների հիմնական հնարավորությունները, տվյալների մուտքագրման և թարմացման ընթացակարգերը, տեղեկատվության որոնման և դիտարկման գործառույթները, ինչպես նաև տարբեր օգտվողների համար նախատեսված հասանելիության մակարդակները։

Վերապատրաստումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի տվյալների ճիշտ և ժամանակին մուտքագրմանը, դրանք կենդանու ականջապիտակի համարին կապակցելուն և իրականացված գործողությունների պատշաճ գրանցմանն ու հետագծելիության ապահովմանը։ Համակարգերի գործարկումից հետո նախատեսվում է շարունակական մեթոդական և տեխնիկական աջակցություն, ինչպես նաև օգտվողների առաջարկների և արձագանքների հավաքագրում՝ թվային լուծումների հետագա կատարելագործման նպատակով։

Առանձին քննարկման թեմա է դարձել թվայնացման նոր գործիքների պիլոտային կիրառման կազմակերպումը։ Նախատեսվում է փորձնական ներդրումն իրականացնել նախապես ընտրված մեկ տարածաշրջանում կամ համայնքում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մի քանի փորձնական վայրերում։ Պիլոտային փուլը հնարավորություն կտա իրական աշխատանքային պայմաններում գնահատել համակարգերի կիրառելիությունը, բացահայտել գործնական խնդիրները և անհրաժեշտության դեպքում կատարել համապատասխան փոփոխություններ մինչև դրանց ավելի լայն կիրառումը։

Պիլոտային գործընթացում նախատեսվում է ներգրավել հիմնական շահառուներին՝ անասնաբույժ-համաճարակաբաններին, անասնաբույժներին, ֆերմերներին և պատասխանատու կառույցների ներկայացուցիչներին։ Փորձնական կիրառման արդյունքները կամփոփվեն, կհավաքագրվեն օգտվողների դիտարկումներն ու առաջարկությունները, և դրանց հիման վրա կսահմանվեն համակարգերի հետագա կատարելագործման և ընդլայնման քայլերը։ Անհրաժեշտության դեպքում պիլոտային ծրագրի մասնակիցներին կտրամադրվեն նաև համապատասխան տեխնիկական միջոցներ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անասնաբույժ մասնագետների ատեստավորման համակարգի ներդրմանը և դրա կազմակերպման հետ կապված հարցերին։ Քննարկվել են գործող կարգավորումների շրջանակում անհրաժեշտ փոփոխություններն ու լրացումները՝ հաշվի առնելով համակարգի գործնական կիրառման և ոլորտի կարիքները։

Արձանագրվել է, որ ատեստավորման կարգի հաստատման գործընթացը ներկայումս ընթացքի մեջ է։ Համակարգի ներդրումը նպատակ ունի ապահովելու անասնաբույժ մասնագետների գիտելիքների և մասնագիտական կարողությունների համարժեք գնահատում, նպաստելու մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և ոլորտում մասնագիտական չափանիշների ամրապնդմանը։ Երկարաժամկետ հեռանկարում ատեստավորման համակարգը կարող է նաև հիմք հանդիսանալ մասնագետների աշխատանքի գնահատման, մասնագիտական զարգացման և առաջխաղացման հնարավորությունների ընդլայնման համար։

Աշխատանքային խմբի անդամները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը շարունակելու համատեղ աշխատանքը՝ կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի հետագա կատարելագործման ուղղությամբ։

CARD հիմնադրամը, Ավստրիական զարգացման գործակալության (ADA) ֆինանսական աջակցությամբ, շարունակում է նպաստել Հայաստանի Հանրապետությունում կենդանիների համարակալման և հաշվառման (ԿՀՀ) համակարգի կայացմանն ու զարգացմանը՝ աջակցելով ոլորտային քաղաքականության մշակմանը, համակարգի առջև ծառացած խնդիրների վերհանմանը, դրանց համատեղ քննարկմանը և հնարավոր լուծումների մշակմանը, ինչպես նաև ոլորտի կառավարչական և տեխնիկական կարողությունների շարունակական ամրապնդմանը։