Տարբեր տարածաշրջաններից թվայնացման գործընթացի վերաբերյալ կարծիքներ, առաջարկություններ և գործնական դիտարկումներ հավաքագրելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և CARD հիմնադրամը 2026 թվականի օգոստոսի 6-ին կազմակերպեցին հերթական աշխատանքային հանդիպումն Մասիս համայնքի անասնաբույժների և համաճարակաբանների հետ՝ ՀՀ Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ում։
Հանդիպման նպատակն էր ներկայացնել համակարգի զարգացման ուղղությունները, հասկանալ ոլորտի մասնագետների վերաբերմունքը թվայնացման գործընթացին, լսել նրանց առաջարկություններն ու դիտարկումները, ինչպես նաև գնահատել նոր գործիքների փորձարկման փուլում նրանց ներգրավվածության պատրաստվածությունը։
Մասնակիցներին ներկայացվեցին ԿՀՀ համակարգում նախատեսվող փոփոխությունները և թվային գործիքների միջոցով անասնաբուժական ու համաճարակաբանական աշխատանքների պարզեցման հնարավորությունները։ Քննարկման ընթացքում մասնագետները բարձրաձայնեցին առօրյա աշխատանքում հանդիպող խնդիրները և ներկայացրեցին դրանց հնարավոր լուծումները՝ հիմնվելով իրենց գործնական փորձի վրա։
Մասիս համայնքի անասնաբույժները պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու նոր համակարգի ներդրման և փորձարկման գործընթացին։
Անասնաբույժների կողմից առաջարկվեց փորձացուցադրական ծրագրի շրջանակում ներառել և փորձարկել նաև համայնքային մակարդակով խոշոր եղջերավոր կենդանիների հավաքատեղիների կիրառման գաղափարը, ինչպես նաև կենդանիներին անվտանգ ֆիքսելու համար նախատեսված հատուկ հաստոցների և սարքավորումների օգտագործումը։ Անասնաբույժների գնահատմամբ՝ նման լուծումները կարող են նպաստել դաշտային աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը՝ հնարավորություն տալով անհրաժեշտ գործողություններն իրականացնել ավելի արագ, անվտանգ և վերահսկելի եղանակով։ Միաժամանակ, դրանց կիրառումը կարող է նվազեցնել ինչպես կենդանիների վնասվելու, այնպես էլ աշխատակիցների համար վտանգավոր իրավիճակների առաջացման հավանականությունը։
Բացի այդ, անասնաբույժներն ընդգծեցին դաշտային աշխատանքներում թվայնացման գործիքների, մասնավորապես՝ սմարթֆոնների տրամադրման կարևորությունը։ Դրանց կիրառումը հնարավորություն կտա անհրաժեշտ տվյալները մուտքագրել և թարմացնել անմիջապես դաշտում՝ նվազեցնելով թղթային աշխատանքի ծավալը, խնայելով ժամանակ և ապահովելով տվյալների առավել արագ, ճշգրիտ և ամբողջական փոխանցումը թվային համակարգ։
Փորձարկման փուլը հնարավորություն կտա իրական աշխատանքային պայմաններում գնահատել թվայնացված համակարգի գործարկումը, կիրառելիությունը և օգտագործման հարմարավետությունը։ Միաժամանակ, այն թույլ կտա բացահայտել ինչպես տեխնիկական, այնպես էլ գործնական դժվարությունները, որոնք կարող են առաջանալ համակարգի կիրառման ընթացքում, հավաքագրել օգտատերերի կարծիքներն ու առաջարկությունները և, դրանց հիման վրա, անհրաժեշտության դեպքում կատարել համապատասխան փոփոխություններ ու բարելավումներ։
Այս մոտեցումը հնարավորություն կտա նախքան համակարգի ավելի լայն կիրառումը փորձարկել նախատեսվող լուծումները իրական պայմաններում և ապահովել, որ վերջնական գործիքները հնարավորինս համապատասխանեն անասնաբույժների և համաճարակաբանների առօրյա աշխատանքային կարիքներին։










