ՀՀ սպանդանոցային համակարգի ուսումնասիրություն, վերլուծություն և գնահատում

Aug 18, 2026

Սպանդանոցները ԿՀՀ համակարգի առանցքային բաղադրիչներից են և կարևոր դեր են կատարում սննդամթերքի անվտանգության ապահովման, անասնաբուժական ռիսկերի կանխարգելման և կառավարման, ինչպես նաև կենդանիների շարժի և սպանդի նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետ իրականացման գործընթացներում։ Հետևաբար, սպանդանոցային համակարգի արդյունավետ և պատշաճ գործունեությունը էական նշանակություն ունի կենդանիների ամբողջական հետագծելիության և ԿՀՀ համակարգի արդյունավետության ապահովման համար։

Չնայած վերջին տարիներին ՀՀ-ում պետական աջակցության ծրագրերի և մասնավոր ներդրումների արդյունքում կառուցվել են բազմաթիվ սպանդանոցներ, ֆերմերների մի մասը շարունակում է կենդանիների սպանդն իրականացնել սպանդանոցներից դուրս։

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ գործող ԿՀՀ ծրագրի Աշխատանքային խմբի (ԱԽ) շրջանակներում իրականացված քննարկումների արդյունքները և ոլորտի պատասխանատու պետական ու մասնավոր կառույցների կողմից բազմիցս բարձրաձայնված խնդիրներն ու մարտահրավերները՝ նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության սպանդանոցային համակարգի գործունեության համապարփակ ուսումնասիրություն և վերլուծություն։

Ուսումնասիրությունն իրականացվում է «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի կատարելագործում՝ հանուն կայուն գյուղատնտեսության» ծրագրի շրջանակներում։

Ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության (ADA) կողմից և իրականացվում է CARD հիմնադրամի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։

Ուսումնասիրության մեկնարկի կապակցությամբ CARD հիմնադրամում 2026 թվականի օգոստոսի 13-ին կազմակերպվել է մեկնարկային հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ուսումնասիրության հիմնական ուղղությունները, պայմանագրի դրույթները, ինչպես նաև կողմերի պատասխանատվության և համագործակցության շրջանակը։

2026 թվականի օգոստոսի 18-ին CARD հիմնադրամում տեղի է ունեցել երկրորդ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջիկա աշխատանքների ռազմավարությունը, գործողությունների պլանը և դրանց իրականացման հաջորդականությունը։

Մասնավորապես, քննարկվել է, թե որ ուղղություններով պետք է մեկնարկել ուսումնասիրությունը, ինչ փուլերով պետք է իրականացվեն նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև՝ որ կառույցների հետ համագործակցությամբ և ներգրավմամբ պետք է իրականացվի գործընթացը։