Թվայնացմանն ուղղված ԿՀՀ աշխատանքային խմբի հանդիպմանը նախորդել է ՏՏ մասնագետների հետ նախապատրաստական քննարկումը

Jul 14, 2026

2026 թվականի հուլիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, էկոնոմիկայի նախարարի տեղակալ տիկին Տաթևիկ Սարգսյանի գլխավորությամբ, Կենդանիների համարակալման և հաշվառման (ԿՀՀ) աշխատանքային խմբի առաջիկա նիստին ընդառաջ անցկացվեց նախապատրաստական աշխատանքային քննարկում՝ ՏՏ մասնագետների մասնակցությամբ։ Քննարկմանը մասնակցում էին նաև էկոնոմիկայի նախարարության, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Անի Պաս» համակարգի և CARD հիմնադրամի ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին ԿՀՀ համակարգի թվայնացման կատարելագործմանն ուղղված առաջարկվող փոփոխությունները, դրանց տեխնիկական իրագործելիությունն ու գործնական կիրառման հնարավորությունները։ Անդրադարձ կատարվեց նաև համակարգի շահագործման ընթացքում ի հայտ եկող խնդիրներին՝ նպատակ ունենալով մշակել արդյունավետ լուծումներ և բարձրացնել համակարգի օգտագործման հարմարավետությունն ու արդյունավետությունը տարբեր օգտատերերի համար։

Քննարկման շրջանակում մանրամասն գնահատվեցին առաջարկվող փոփոխությունների տեխնիկական առանձնահատկությունները, դրանց ներդրման հնարավորությունները, ինչպես նաև այն լրացուցիչ քայլերը, որոնք անհրաժեշտ կլինեն համակարգում դրանց հաջող իրականացման համար։

Հանդիպման արդյունքում ձևավորված առաջարկություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները կներկայացվեն և կքննարկվեն ԿՀՀ աշխատանքային խմբի առաջիկա նիստում՝ համակարգի հետագա զարգացման, կատարելագործման և թվայնացման գործընթացների արդյունավետ կազմակերպման նպատակով։