ԿՀՀ համակարգի թվայնացման գործառույթների ընդլայնմանն ընդառաջ՝ աշխատանքային քննարկում անասնաբույժների և համաճարակաբանների հետ

Jul 23, 2026

2026 թվականի հուլիսի 23-ին Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու CARD հիմնադրամը համատեղ կազմակերպեցին աշխատանքային հանդիպում-քննարկում՝ անասնաբույժների և համաճարակաբանների մասնակցությամբ՝ նվիրված կենդանիների համարակալման և հաշվառման (ԿՀՀ) համակարգի թվայնացման գործառույթների ընդլայնմանը։

Հանդիպման հիմնական նպատակն էր ներկայացնել համակարգի զարգացման առաջիկա ուղղությունները, մասնավորապես՝ ԱՆԻ ՊԱՍ համակարգում անասնաբուժական ծառայությունների, այդ թվում՝ կենդանիների պատվաստումների և արյունառումների գործընթացների թվայնացման համար մշակվող նոր գործիքները, ինչպես նաև լսել դրանց կիրառման մեջ անմիջականորեն ներգրավված անասնաբույժների և համաճարակաբանների կարծիքներն ու առաջարկությունները։

Այս փուլում նախատեսվում է մշակել առանձին գործառնական միջավայրեր (dashboard-եր) տարբեր շահառուների՝ ֆերմերների, անասնաբույժների, համաճարակաբանների, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համար։ Յուրաքանչյուր շահառուի համար հասանելի կլինեն միայն իր գործառույթներին համապատասխան գործիքներն ու տվյալները՝ ապահովելով աշխատանքային գործընթացների պարզեցում և արդյունավետ կազմակերպում։ Համակարգը նախագծվելու է հնարավորինս պարզ, ինտուիտիվ և հեշտ օգտագործելի սկզբունքով, որպեսզի տվյալների մուտքագրումն իրականացվի նվազագույն գործողություններով՝ առանց ավելորդ տեղեկատվություն լրացնելու անհրաժեշտության՝ ապահովելով արագ, հարմար և արդյունավետ աշխատանք։

Այն ոչ միայն կբարելավի ԿՀՀ համակարգում առկա տեղեկատվության որակը, այլև զգալիորեն կհեշտացնի անասնաբույժների և համաճարակաբանների աշխատանքը՝ նվազեցնելով վարչարարական բեռը, խնայելով ժամանակ և բարձրացնելով իրականացվող աշխատանքների արդյունավետությունը։

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին ԿՀՀ համակարգի արդյունավետ գործարգման համար նախատեսվող նոր լուծումները, քննարկվեցին դրանց կիրառման գործնական կողմերը, ինչպես նաև հավաքագրվեցին մասնագետների առաջարկություններն ու դիտարկումները։ Քննարկումները հնարավորություն տվեցին գնահատել ոլորտի մասնագետների պատրաստվածությունն ու վերաբերմունքը թվայնացման գործընթացի նկատմամբ, բացահայտել առկա մարտահրավերները և դրանք հաշվի առնել համակարգի հետագա մշակման փուլերում։

Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ  նոր գործիքների մշակման ավարտից հետո կիրականացվի փորձացուցադրական ծրագիր՝ նախապես ընտրված տարածաշրջանում։ Փորձնական փուլը կիրականացվի բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությամբ, մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, CARD հիմնադրամի, անասնաբույժների, համաճարակաբանների և ֆերմերների ներկայացուցիչների ներգրավմամբ։ Ծրագրի շրջանակում մասնակիցները տեղում կփորձարկեն ԿՀՀ համակարգի նոր գործիքները, կգնահատեն դրանց կիրառելիությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև կներկայացնեն առաջարկություններ՝  ԿՀՀ համակարգի հետագա կատարելագործման նպատակով։

ԿՀՀ համակարգի թվայնացման փորձացուցադրական բաղադրիչը հիմք կստեղծի համակարգի փուլային ներդրման համար՝ հնարավորություն տալով գնահատել մշակված լուծումների արդյունավետությունը իրական պայմաններում և հետագայում ապահովել դրանց աստիճանական ընդլայնումն ու կիրառումը հանրապետության մյուս մարզերում։