Հանդիպում անասնաբուժության ֆակուլտետի ուսանողների հետ՝ որպես Կենդանիների համարակալման և հաշվառման (ԿՀՀ) համակարգի կայուն զարգացման հիմք

Jul 28, 2026

Կարևորելով անասնաբույժների առանցքային դերը կենդանիների համարակալման և հաշվառման, կենդանիների առողջության պահպանման և սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացներում՝ Ավստրիական զարգացման գործակալության (ADA) կողմից ֆինանսավորվող և CARD հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի կատարելագործում՝ հանուն կայուն գյուղատնտեսության» ծրագրի շրջանակներում, սույն թվականի մայիսի 12-ին CARD հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի ուսանողների հետ։

Միջոցառման նպատակն էր ներկայացնել Կենդանիների համարակալման և հաշվառման (ԿՀՀ) համակարգի նշանակությունն ու զարգացման հեռանկարները, քննարկել պետական և մասնավոր ոլորտներում մասնագիտական ներգրավման հնարավորությունները, ինչպես նաև ստեղծել բաց քննարկման հարթակ, որտեղ ուսանողները հնարավորություն ունեցան ազատորեն ներկայացնելու իրենց կարծիքները, բարձրաձայնելու հարցեր և ստանալու մասնագիտական ու գործնական պատասխաններ։

Քննարկմանը մասնակցում էին համալսարանի տարբեր կուրսերի ուսանողներ։

Հանդիպման ընթացքում ծավալվեց հետաքրքիր և բովանդակալից քննարկում, որի շրջանակում անդրադարձ կատարվեց ոլորտում առկա հիմնախնդիրներին, երիտասարդ մասնագետների մասնագիտական զարգացման և զբաղվածության հնարավորություններին, ինչպես նաև անասնաբուժական համակարգի զարգացման հեռանկարներին։ Քննարկվեցին նաև ոլորտում իրականացվող ընթացիկ բարեփոխումները, նոր նախաձեռնություններն ու զարգացումները, այդ թվում՝ Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրման կարևորությունը։

Քննարկման արդյունքում ընդգծվեց երիտասարդ սերնդի ակտիվ մասնակցության կարևորությունը ոլորտային գործընթացներում։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն շարունակել նման հանդիպումների կազմակերպումը՝ ապագա մասնագետների մասնագիտական կարծիքներն ու առաջարկությունները պարբերաբար լսելու և ոլորտի զարգացման գործընթացներում նրանց ներգրավվածությունն ապահովելու նպատակով։

Այս հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծեց համալսարանի, ուսանողների և մասնագիտական համայնքի միջև շարունակական համագործակցության կարևորությունը։ Նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ոչ միայն ներկայացնել անասնաբուժության մասնագիտության դերն ու ոլորտի զարգացման առաջնահերթությունները, այլև անմիջական երկխոսության միջոցով լսել երիտասարդների կարծիքները, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, խրախուսել նրանց մասնագիտական աճը և ձևավորել ոլորտի ապագա մասնագետների ակտիվ ու պատասխանատու համայնք։