ՀՀ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի աշխատանքային խմբի հերթական նիստը

Jul 27, 2026

2026 թվականի մարտի 4-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կայացավ ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրին աջակցելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը։ Նիստը նախագահեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար տիկին Տաթևիկ Սարգսյանը։ Նիստին մասնակցում էին Ավստրիական զարգացման գործակալության (ADA), ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, «Անի Պաս» համակարգի և CARD հիմնադրամի ներկայացուցիչները։

Նիստում քննարկվեցին երեք հիմնական հարցեր։ Նախ մասնակիցները քննարկեցին 2024 թվականին իրականացված մոնիթորինգի ընթացքում արձանագրված արդյունքներն ու խնդիրները: Անդրադարձ կատարվեց Կենդանիների համարակալման և հաշվառման (ԿՀՀ) համակարգի թվայնացման գործընթացների շարունակականության ապահովմանը, ինչպես նաև անասնաբուժական գործառույթների թվայնացմանը՝ ներառյալ պետական պատվերով իրականացվող պատվաստումների գործընթացների ինտեգրումը համակարգում։ Նշվեց, որ այդ միջոցառումները հնարավորություն կտան բարձրացնել ԿՀՀ համակարգում առկա տվյալների ճշգրտությունը, ամբողջականությունն ու արդիականությունը՝ նպաստելով կենդանիների առողջության վերաբերյալ տեղեկատվության առավել արդյունավետ կառավարմանը և հիվանդությունների վերահսկման գործընթացների կատարելագործմանը։

Քննարկվեց նաև, որ թվայնացման գործիքների թողարկելուց հետո  կիրականացվի փորձացուցադրական ծրագիր նախապես ընտրված մարզում կամ համայնքում։ Պիլոտային ծրագիրը հնարավորություն կտա գնահատել մշակված լուծումների գործնական կիրառելիությունն ու արդյունավետությունը, բացահայտել հնարավոր բարելավման ուղղությունները և, դրական արդյունքների դեպքում, ապահովել համակարգի փուլային ընդլայնումն ու լայնածավալ ներդրումը։

Աշխատանքային խմբի անդամները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը շարունակելու համատեղ աշխատանքը՝ կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի շարունակական կատարելագործման ուղղությամբ։

CARD հիմնադրամը, Ավստրիական զարգացման գործակալության (ADA) ֆինանսական աջակցությամբ, շարունակում է նպաստել Հայաստանի Հանրապետությունում կենդանիների համարակալման և հաշվառման (ԿՀՀ) համակարգի կայացմանն ու զարգացմանը՝ աջակցելով ոլորտային քաղաքականության մշակմանը, համակարգի առջև ծառացած խնդիրների վերհանմանը, դրանց համատեղ քննարկմանը և հնարավոր լուծումների մշակմանը, ինչպես նաև ոլորտի կառավարչական և տեխնիկական կարողությունների շարունակական ամրապնդմանը։