Նոր քայլ դեպի թվայնացում: Նախատեսվում է ներդնել տոհմային կենդանիների համարակալման և հաշվառման թվայնացված համակարգ:

Jul 28, 2026

2026 թվականի մարտի 18-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում նախարարի տեղակալ տիկին Տաթևիկ Սարգսյանի գլխավորությամբ կայացավ տոհմային կենդանիների տվյալների թվայնացմանն ուղղված հանդիպում, որին մասնակցում էին  ներկայացուցիչներ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, Ավստրիական Զարգացման Գործակալության ծրագրերի ղեկավար պարոն Վահե Սարգսյանը, Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ից, Անասնաբույժերի ազգային ասոցիացիայից, «Գենետիկ Հայաստան» ասոցիացիայից,  CARD հիմնադրամից և համակարգը մշակող ՏՏ մասնագետներ: Համակարգը մշակվել է տոհմային անասնաբուծությամբ զբաղվող ֆերմերների և նրանց միավորող ասոցիացիայի սերտ համագործակցությամբ՝ նախատեսելով նաև Ավստրիայից ներմուծված ավելի քան 2,500 տոհմային կենդանիների ընդգրկումը։ Ծրագիրն իրականացվել է Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ CARD հիմնադրամի միջոցով։ Համակարգի հիմքում դրված է ավստրիական առաջադեմ փորձը, ինչը ապահովում է դրա համապատասխանությունը միջազգային չափանիշներին։

Միջոցառման շրջանակում պաշտոնապես ներկայացվեց տոհմային կենդանիների համարակալման և հաշվառման թվային նոր համակարգը։ Նախաձեռնությունը կարևոր քայլ է կենդանիների համարակալման և հաշվառման (ԿՀՀ) համակարգի ամբողջացման և տոհմային տվյալների թվայնացման ուղղությամբ։ Այն նպատակ ունի նպաստել տոհմային գործի վարմանը, բարձրացնել տոհմային անասնաբուծության ոլորտի արդյունավետությունը, բարելավել կենդանիների գենետիկական հատկանիշները և ապահովել արտադրողականության աճ։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին հարթակի հիմնական գործառույթներն ու դրա ընձեռած հնարավորությունները։ Մասնավորապես ցուցադրվեցին կենդանիների հաշվառման, տոհմային տվյալների կառավարման, արտադրողականության մոնիթորինգի, ինչպես նաև հաշվետվությունների և վերլուծությունների ավտոմատ ձևավորման գործիքները։ Անդրադարձ կատարվեց նաև համակարգի գործնական կիրառությանը՝ ֆերմերային տնտեսությունների կառավարման արդյունավետության բարձրացման և տվյալների հիման վրա որոշումների կայացման գործընթացում։

Այնուհետև ներկայացվեցին ներկայացվեց նաև 2024 թվականին Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ հիմնադրված «Գենետիկ Հայաստան» Ասոցացիայի գործունեությունը, որի նպատակն է համախմբել տոհմային անասնաբուծությամբ զբաղվող ֆերմերներին, նպաստել տոհմային անասնաբուծության զարգացմանը և ֆերմերներին ապահովել ժամանակակից գործիքներով ու մասնագիտական գիտելիքներով։ Ասոցիացիան կարևոր դեր ունի նաև պետական կառույցների հետ համագործակցության ամրապնդման և ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում։

Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է Հայաստանում ԿՀՀ և գյուղատնտեսության արդիականացման ճանապարհին՝ ուղղված ոլորտի մրցունակության բարձրացմանը և միջազգային չափանիշներին համապատասխան զարգացմանը։