2025 թվականի դեկտեմբերի 15-ին CARD հիմնադրամը և Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA) ստորագրեցին համագործակցության հերթական պայմանագիրը, որը նոր հնարավորություններ է ստեղծում ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի շարունակականությունն ու կայունությունն ապահովելու համար։
Պայմանագիրը ստորագրեցին CARD հիմնադրամի տնօրեն տիկին Սոնա Թելունցը և Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Էրվին Կյունցին։
Նոր պայմանագիրը նախորդ համագործակցության տրամաբանական շարունակությունն է և վերահաստատում է CARD հիմնադրամի և Ավստրիական զարգացման գործակալության միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ գործընկերությունը։ Այն հիմնված է արդեն իսկ ձեռք բերված արդյունքների վրա և նպատակ ունի շարունակել ու ընդլայնել Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման, անասնաբուժական և սպանդանոցային համակարգերի բարեփոխումները՝ ապահովելով դրանց կայուն զարգացումն ու երկարաժամկետ ազդեցությունը։
Համագործակցությունը կարևոր նշանակություն ունի նաև CARD հիմնադրամի համար՝ ընդլայնելով կազմակերպության գործունեության շրջանակը և հնարավորություն ընձեռելով Հայաստան ներգրավել նոր գիտելիքներ, միջազգային առաջատար փորձ, ժամանակակից տեխնոլոգիաներ և ոլորտի լավագույն լուծումները։
Ծրագիրն իրականացվելու է երեք հիմնական ուղղություններով.
- Մանր եղջերավոր կենդանիների ԿՀՀ համակարգի ներդրում
Նախատեսվում է աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրման գործընթացում։ Ծրագրի իրականացման ընթացքում պարբերաբար կբացահայտվեն առկա խնդիրներն ու հնարավոր խոչընդոտները, իսկ ԿՀՀ աշխատանքային խմբի և միջազգային փորձագետների համագործակցությամբ կմշակվեն և կառաջարկվեն դրանց հաղթահարման արդյունավետ լուծումներ՝ ապահովելով համակարգի սահուն ներդրումն ու հետագա զարգացումը։
- Խոշոր եղջերավոր կենդանիների գործող ԿՀՀ համակարգի կատարելագործում
Նախատեսվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ իրականացնել աշխատանքներ՝ ուղղված խոշոր եղջերավոր կենդանիների գործող ԿՀՀ համակարգի շարունակական կատարելագործմանը՝ բացահայտելով և գնահատելով առկա խնդիրները, ինչպես նաև մշակելով ու իրականացնելով դրանց լուծմանն ուղղված միջոցառումներ։ Արդյունքում կբարելավվեն տվյալների գրանցման և կառավարման գործընթացները, կենդանիների տեղաշարժի վերահսկողությունը, տեղեկատվության ճշգրտությունն ու ամբողջականությունը, ինչպես նաև համակարգի ընդհանուր գործառնական արդյունավետությունը։
- Սպանդանոցային և անասնաբուժական համակարգերի բարեփոխում՝ որպես ԿՀՀ համակարգի արդյունավետ իրականացման կարևոր նախապայման
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ իրականացնել միջոցառումներ՝ ուղղված սպանդանոցային և անասնաբուժական համակարգերի բարելավմանն ու բարեփոխմանը՝ որպես ԿՀՀ համակարգի արդյունավետ իրականացման կարևոր նախապայման։ Իրականացված բարեփոխումները կնպաստեն ԿՀՀ համակարգի կայուն, արդյունավետ և երկարաժամկետ գործունեությանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության, CARD հիմնադրամի և Ավստրիական զարգացման գործակալության համատեղ ջանքերի շնորհիվ կձևավորվեն գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ավելի արդյունավետ կառավարման մեխանիզմներ, կբարձրանան ոլորտի թափանցիկությունն ու վերահսկելիությունը, իսկ ֆերմերներն ու ոլորտի մյուս շահառուները կստանան առավել ժամանակակից գործիքներ և ծառայություններ։ Ծրագրի իրականացումը կնպաստի նաև Հայաստանի գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանը, կենդանիների հետագծելիության համակարգի կատարելագործմանը և միջազգային լավագույն փորձի ներդրմանը։








