Սույն թվականի հունիսի 22-ին «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի կատարելագործում՝ հանուն կայուն գյուղատնտեսության» ծրագրի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ CARD հիմնադրամի հետ համատեղ, իրականացրեց այց Գեղարքունիքի մարզ՝ կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև առկա խնդիրների բացահայտման և արձանագրման նպատակով։
Այցի շրջանակներում կազմակերպվել Է հանդիպում մարզպետարանի ներկայացուցիչների, խոշորացված համայնքների ղեկավարների, բնակավայրերի վարչական պատասխանատուների, անասնապահությամբ զբաղվող ֆերմերների, անասնաբույժների, ինչպես նաև սպանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսավարողների մասնակցությամբ:
Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել ԿՀՀ համակարգի իրականացման ընթացքում առաջացող խնդիրներն ու դժվարությունները, պատասխանել մասնակիցներին հետաքրքրող հարցերին և առաջարկել դրանց հնարավոր լուծումները։ Միաժամանակ մասնակիցներին ներկայացվել են համակարգում կատարված վերջին փոփոխությունները, նոր հնարավորություններն ու նախատեսվող բարելավումները՝ պարզաբանելով, թե ինչպես դրանք կարող են կիրառվել գործնականում։ Հանդիպումը նաև հնարավորություն Է տվել անմիջական շփում հաստատել մասնակիցների հետ՝ շահառուները կիսվել են իրենց փորձով, ներկայացրել առաջարկություններ և բարձրաձայնել իրենց դիտարկումները, որոնք կարող են օգտակար լինել համակարգի հետագա կատարելագործման աշխատանքներում։
Միջոցառման ավարտին մասնակիցներին բաժանվել են տեղեկատվական պաստառներ և թերթիկներ։ Տեղեկատվական նյութերի տրամադրումը նպատակ ունի բարձրացնել շահառուների իրազեկվածությունը, նպաստել համակարգի արդյունավետ կիրառմանը և ապահովել տեղեկատվության հասանելիությունը նաև հանդիպումից հետո։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին ֆինանսական և տեխնիկական աջակցություն է տրամադրում Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA)` CARD հիմնադրամի միջոցով։










